7 Şubat 2011 Pazartesi

Միհրան Գյուլթեքին. Դերսիմի մահմեդական հայերը վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց



Փետրվար 07, 2011 | 13:24 

Դերսիմի հայերի միության կողմից արդեն մի քանի տարի կազմակերպվող փառատոնը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել աշխարհասփյուռ հայերի ներկայացուցիչներին եւ նրանց բարեկամացնել դերսիմցի հայերի հետ, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության նախագահ Միհրան Գյուլթեքինը։
«Դերսիմի հայերը, որ վախենում են խոստովանել իրենց ազգային ինքության մասին, վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց։ Այդ է պատճառը, որ Հայաստանի եւ սփյուռքի հայ համայնքներ այցելելուց առաջ նրանք ցանկանում են իրենց հայ եղբայրներին հյուրընկալել նախեւառաջ իրենց մոտ, երգել ընդհանուր երգեր, պարել եւ վերահաստատել միեւնույն ավանդույթներով ապրելու փաստը»,- նկատեց Գյուլթեքինը։
Հարցին, թե փառատոնի կազմակերպման եւ իրագործման տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեն դերսիմցի հայերը Հայաստանից, նա պատասխանեց, որ այդ մարդիկ աջակցություն են ակնկալում ոչ այնքան Հայաստանից, որքան հայ երիտասարդներից։ «Հենց երիտասարդներն են, որ կարող են նպաստել այս խզված, կարելի է ասել չեղած կապերի ստեղծմանը»,-բացատրեց Գյուլթեքինը։
Նա տեղեկացրեց, որ առանձնապես ջերմ չեն նաեւ դերսիմցի հայերի եւ պոլսահայերի հարաբերությունները։ «Դրա պատճառներից մեկն էլ կրոնն է, դերսիմցի հայերի՝ ծպտված մնալը։ Ճիշտ է, Դերսիմում հայկական խոնարհված մի շարք եկեղեցիներ կան, ուր հայերը մատաղ եւ այլ կրոնական ծեսեր են իրականացնում, բայց Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, ի տարբերություն մի շարք այլ վայրերի, այնտեղ շրջիկ քահանաներ չի ուղարկում, այդ եկեղեցիներում ծիսական արարողություներ չեն կատարվում։ Արդյունքում կիսախոնարհված հայկական եկեղեցիները քանդվում են, հայկական գերեզմանոցներն՝ անհետանում »,- ցավ հայտնեց Գյուլթեքինը։
Վերջում թուրքահայ գործիչը նկատեց, որ Դերսիմում հայերեն սովորելու ոչ մի հնարավորություն չկա եւ մահմեդական դարձած հայերը մայրենին սովորելու տարբերակ չունեն։


http://www.tert.am/tr/news/2011/02/07/armenian/

Hiç yorum yok:

Yorum Gönder